Ընդհանուր տեղեկություններ
Մեր մասին
Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992թ. հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993թ. դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ Հետագայում, 2002թ. մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվեց Մտավոր սեփականության գործակալությունը, որն ունի Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ։ Նույն թվականին կառավարությունը հաստատել է գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության բնագավառի իրավական դաշտը կարգավորվում է օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից հանդիսանում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և 1996 թվականից Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ЕАПО) անդամ։ Գործակալությունը համագործակցում է Եվրոպական արտոնագրային կազմակերպության (EPO), միջազգային, տարածաշրջանային այլ կառույցների և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ։
Գործակալությունը յուրաքանչյուր ամիս հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագիրը, որը հրապարակվում է Մտավոր սեփականության գործակալության պաշտոնական կայքում։
Գործակալությունը հրատարակում է նաև արտոնագրված գյուտերի և օգտակար մոդելների լրիվ նկարագրությունները։
Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական արտոնագրային գերատեսչության միջև «Կոմպակտ սկավառակների վրա արտոնագրային տեղեկատվական տարածաշրջանային համատեղ արտադրանքի թողարկման մասին» Մոսկվայում ստորագրված համաձայնագրի շրջանակներում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվում են գյուտերի մասին մատենագիտական տվյալները։
Գործակալության գործունեության արդյունքներն ամփոփ ներկայացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվող տարեկան հաշվետվություններում։